Այսօր աշխատաշուկան շատ բազմազան է և մրցակցային, ուստի հաջողությունների հասնելու և բիզնեսի առաջընթացն ապահովելու համար բանիմաց ու բարեխիղճ աշխատակիցներ ունենալուց բացի, անհրաժեշտ է նաև զուգահեռ աշխատանքներ տանել, որ տվյալ ապրանքանիշը լայն տարածում գտնի սպառողների շրջանում։ Այնուհետև պետք է միջոցներ ձեռնարկել բիզնեսի վարկանիշը բարձրացնելու և հետո նոր բիզնեսի շրջանակները ընդլայնելու համար։ Այս պարագայում շատ կարևոր է բրենդի և բրենդավորման դերը։
Կարող ենք ասել, որ բրենդը մարկետինգային հասկացություն է, որը գոյություն ունի մարդկանց գիտակցության մեջ։ Բրենդը տվյալ ապրանքանիշը ներկայացնող լոգոն է, խորհրդանիշը, որը հաջողության ունենալու պայմաններում նպաստում է արտադրողի և սպառողի միջև որոշակի կապի ստեղծմանը, սպառողների մոտ ձևավորում է որոշակի սպասելիքներ՝ կապված տվյալ ապրանքի հետ և ճանաչելի է դարձնում ապրանքանիշը շուկայում։ Եվ ինչու չէ, ճիշտ ընտրված լոգոն կարող է հիմնաքար հանդիսանալ և նախադրյալներ ստեղծել ապրանքանիշի՝ համաշխարհային ճանաչման հասնելու համար։
Միևնույն ժամանակ այս կամ այն բրենդը դրական ազդեցության փոխարեն կարող է ունենալ նաև հակառակ էֆֆեկտը․ այսպես՝ սխալ և անբարեհունչ ընտրված անվանումը, ապրանքին անհամապատասխան լինելը կարող է բերել չհասկացվածության, թյուր կարծիք ձևավորել ապառողների մոտ և խոչընդոտներ ստեղծել ապրանքի տարածման համար։ Ուստի անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք։
Սակայն, պետք է նշել որ, լոգո, վիզուալ լոգոտիպ և բրենդային էլեմենտներ ստեղծելը բրենդավորման վերջին փուլն է, որին հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել մի շարք փուլեր։
Սկզբում անհրաժեշտ է ուսումնասիրել աշխատաշուկան, առանձացնել պոտենցյալ հակառակորդներին,գնահատել ռեսուրսները, մոտավոր պատկերացում կազմել ստացվող արդյունքների մասին, ընտրել թիրախային խումբը, մշակել ապրանքանիշը սպառողին առավել հասանելի և արդյունավետ, նմանատիպ ապրանքների շարքում ինդիվիդուալ ներկայացնելու մեթոդներն ու միջոցները, քանի որ հենց այդ անհատականությունն է ստիպում սպառողին ընտրել հենց Ձեր պրոդուկտը։ Այս ամենից հետո անհրաժեշտ է սահմանել վերջնանպատակը և հետո նոր միայն անցնել գործի ։
Այժմ լայն տարածում է գտել այսպես կոչված ‹‹Անհատական բրենդ›› հասկացությունը։Աշխատաշուկայում Ձեր ապրանքանիշի այցեքարտը կարող է հանդիսանալ ոչ միայն վեբ-կայքը կամ լոգոն, այլ նաև այն անձնավորությունը, ով ներկայացնում է տվյալ պրոդուկտը։ Այս բոլորը սերտորեն շաղկապված են միմյանց։ Եթե ապրանքանիշը ներկայացնողը ընդունված է սպառողների կողմից, վստահություն է ներշնչում և ունի սեփական ձեռագիրն ու որոշակի ազդեցություն, ապա, բնականաբար մարդիկ կսկեն հետևել նրան և առաջարկվող բազմազանությունից ընտրել ‹‹լավագույնը››։
Անհատական բրենդի էֆֆեկտի գործադրման շատ դեպքեր կարելի է հիշատակել։ Այս մեթոդը գործածվել և շարունակվում գործածվել ինչպես բիզնեսների առաջխաղացմանը նպաստելու, այնպես էլ կարիերայի առաջընթաց ապահովելու համար։ Բավական է ընդամենը 1 դեպք հիշատակել, և ամեն ինչ կընկնի իր տեղը․ 1957 թ․, երբ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին իր թեկնածությունն առաջադրեց ԱՄՆ նախագահական ընտրություններում, նրա հաջողությունը նախընտրական քարոզարշավում ապահովեց բոլորի կողմից սիրված և մեծ ժողովրդականություն վայելող Մերլին Մոնրոն, ով բավականին մտերիմ հարաբերությունների մեջ էր Քենեդու հետ։ Նա համերգների ժամանակ անընդհատ հանդիսատեսին կոչ էր անում ընտրել հենց Քենեդուն։ Եվ արդյունքը, ինչպես գիտենք, սպասել չտվեց։